ԻՐԱՆԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ (ԱՏՐՊԱՏԱԿԱՆ Ի) ՀԻՄՆԱՀԱՐՑԸ և ԽՍՀՄ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ 1945-1946ԹԹ

  • Share/Save/Bookmark

Ռուսաստանում տեղի ունեցած 1917 թ.-ի հոկտեմբերյան հեղափոխությունը և Ռուսաստանի` դուրս գալն Առաջին համաշխարհային պատերազմից, թուրքական զորքերի առաջխաղացումը Կովկասյան ռազմաճակատում, պատճառ հանդիսացան Այսրկովկասի տարածքում 1918թ.-ի մայիսի 28-ին Առանի և Շիրվանի (Աղվանք) գավառներում նոր հանրապետության կերտմանը, որն անվանվեց Պարսկաստանի համանուն նահանգի  Ադրբեջան անվամբ: Պարսկաստանի կառավարությունը փորձեց դիվանագիտական ճանապարհով վիճարկել  հարցը, սակայն ապարդյուն: Պարսկաստանի համանուն Ադրբեջան նահանգում տեղի ունեցան ցույցեր, որոնց ընթացքում շեյխ Խիաբանին և նրա կողմանակիցները հարց բարձրացրեցին փոխել սեփական նահանգի անվանումը` Ադրբեջանը վերանվանելով Ազադիսթան միայն թե տարբերվեին հարևան նորաստեղծ հանրապետությունից: Վիճելի հարցն այդպես էլ լուծում չստացավ. Առանի և Շիրվանի գավառներում առաջացած հանրապետությունը շարունակեց կրել Ադրբեջան անվանումը նաև խորհրդայնացումից հետո, որն պատճառ հանդիսացավ քաղաքական բազմաթիվ շահարկումների Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Հետաքրքրական է ակադեմիկոս Վ.Վ. Բարտոլդի կարծիքն Առանն ու Շիրվանն Ադրբեջան վերանվանելու մասին. <<Եթե անհրաժեշտ լիներ ստեղծել այնպիսի մի տերմին, որը կընդգրկեր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը, ապա նպատակահարմար  կլիներ ընտրել Առան անվանումը, սակայն Առան տերմինն ընտրվել է, որովհետև, երբ ստեղծվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, ենթադրվում էր, որ պարսկական և այս Ադրբեջանը պետք է մեկ ամբողջություն լինեն, քանի որ բնակչությունը բավականին նմանություններ ունի>> :Այսպիսով հստակորեն երևում է, որ Ադրբեջան անվանումն ընտրված էր, որպեսզի hնարավորության դեպքում Իրանից բռնազավթվեր նրա հնագույն մշակութային և պատմական կենտրոններից մեկը, որը թյուրքական աշխարհը կապող կարևորագույն օղակի դեր պետք է խաղար: Ադրբեջանն իրանական վաղեմի նահանգ է երկրի հյուսիս-արևմուտքում (Մարաստանի հյուսիս-արևմտյան հատվածում): Նրա անունն արաբականացված ձևն է դասական նոր-պարսկերենի Ադարբագանի (Ադարբայգան), որը ծագել է միջին-պարսկական Ատուրպատական ձևից (համեմատել` հայերեն Ատրպատական): Այն առնչվում է երկրանունների (հետևաբար և ցեղանունների) այն դասին, որոնք ծագում են ենթադրյալ առաջնորդ-ցեղապետի կամ էպոնիմ-նախահոր անունից, տվյալ դեպքում` Ալեքսանդր Մակեդոնացու զորապետ Ատրոպատի (Ատուրպատի) անունից, որ Ք.ա. 320 թվականին այս երկրամասում առաջինն է ստեղծել անկախ մի մեծ պետություն :
Իրանի հյուսիս-արևմուտքում իրանալեզու բնակչությունը բնակվում էր մինչ ասորիների և ուրարտացիների արշավանքները  Ք.ա. 9-րդ դարում: Այն հիշատակված է Ուրմիա լճի մոտակա շրջաններից մինչև  Դիալիի բարձունքները, Մարաստանի արևմտյան և ավելի արևելյան շրջաններում: Նրանց մասին հիշատակումներ կան Ք.ա. ութերորդ և յոթերորդ դարերում : Հետագայում հենց  Ք.ա 669թ.-ին Մարաստանում ստեղծվեց իրանական առաջին պետությունը, որի կենտրոնն էր  դառնալու այն տարածքը, որը հետագայում անվանվեց Ատրպատականը: Ստրաբոնը, Արրիանը, Փլավիոսը Ատրպատականը համարում էին Մարաստանի մի մասը և անվանում էին այն Մարաստան-Ատրպատական: Վ.Վ. Բարտոլդը նույնպես Ատրպատականը համարում էր Մարաստանի անքակտելի հատվածը : Իրանական ցեղերից համաեմատաբար ուժեղ էին մարերը, որոնք բնակվում էին Իրանի հյուսիս-արևմուտքում, մարերը ծագումնաբանորեն իրանցիներ էին, իսկ նրանց լեզուն պատկանում էր Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան ճյուղին : Պահպանվել է Իրանի քրմապետ Քարթիրի հիշատակությունը, որտեղ հստակորեն նշվում են այն շրջաններն ու երկրները, որոնք համարվում էին Էրան (Իրան) և այն երկրները, որոնք Իրանի տարածքից դուրս են Ան-Էրան, չնայած գրավվել էին շահն-շահի զորքերի կողմից: Ատուրպատական-Ադրբեջանն այս տեքստում, իհարկե Իրանի մեջ է, իսկ Աղվանքը, Հունաստանի, Հայաստանի, Վրասատանի (Իբերիայի) հետ ոչ իրանական հատվածում է: Ահա թե ինչ է պատմում Քարթիրը.<<ԵՎ ես` Քարթիրս, ի սկզբանե ծառայում եմ աստվածներին իմ հոգու համար: Իմ շնորհիվ շատ (սրբազան) կրակներ Մեշանում, Ատրուպատականում, Սեպահանում, Ռեյում, Քերմանում, Սակաստանում և Գուրգանում մինչև Փիշևար վառվեցին: Ինչպես նաև ոչ իրանական երկրներում կրակներ և քրմեր տարածեցի: Շահն- շահի զորքերն ու ձիերը հասան Անտիոք, Սիրիա, Կիլիկիայի Տարսոն քաղաք, Հունաստան, Հայաստան, Իբերիա, Աղվանքի դարպասներին, որտեղ էր հենց ինքը` Շապուհ շահն շահը: Այս տեղերում շահն շահի հրամանով քրմեր նշանակեցի, կազմակերպեցի ատրուշաններ >>:
Թյուրքախոս ցեղերի խոշոր ներթափանցումներից  Ատրպատական արժանահիշատակ են 1030թ-ական թթ.-ինը, որից հետո թյուրքերի թիվը հասավ 16.000 -ի, հաջորդ ներգաղթը տեղի ունեցավ 1050թ.,1956թ.-երին սուլթան Մահմուդ Ղազնավիի և Ատրպատականի կառավարիչ Վախսուդանի օրոք:    Տասներեքերորդ դարում, երբ Ատրպատականը գտնվում էր մոնղոլների տիրապետության տակ այստեղ բնակչություն էին հաստատում թաթարներ, աղ-ղոյունլու, ղարա-ղոյունլու ցեղերը, որոնք նույնպես օղուզական թյուրքախոս ցեղերին: 15-րդ դարում Թուրքիայից Իրան ներգաղթեցին շամլո, ռումլու, ուսթաջլու, թեքքելու, աֆշար, ղաջար, զուլքադար, և այլ թյուրքական ծագում ունեցող ցեղեր:
Սկսած տասնմեկերորդ դարից թյուրքական ցեղերը, ոչ միայն հաստատվում էին Ատրպատականում, այլև իշխող դիրքի էին հասնում, ինչը նպաստում էր թուրքերեն լեզվի տարածմանն ու ամրապնդմանը տեղի իրանական ծագում ունեցող բնակչության մեջ: Թուրքերենի տարածումն ու ամրապնդումն Ատրպատականում հետագայում բազմաթիվ քաղաքական  շահարկումների պատճառ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ատրպատականում թյուրքախոս ազարիների հիմնահարցը մեծապես շահարկվեց ԽՍՀՄ-ի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որն, ինչպես նշում է Մոհամմադ Ռեզա շահը <<Առաքելություն հայրենիքիս համար>>իր աշխատությունում, սառը պատերազմի սկիզբն էր, որի ընթացքում Իրանը հանդիսացավ սառը` չքողարկված և բացարձակ պայքարի առաջին օջախ:
1939թ.սեպտեմբերի 1-ին սկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի հիմնական  դերակատարներն էին մի կողմից Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան մյուս կողմից ԽՍՀՄ-ը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը: Չնայած այն հանգամանքին, որ Իրանը հայտարարել էր իր չեզոքության մասին, սակայն սերտ տնտեսական-քաղաքական կապեր էր ստեղծել Գերմանիայի հետ: 1937թ.-ին Գերմանիային Իրանի թիվ առաջին գործընկերն էր առևտրի բնագավառում: Իրանում բացվել էին բազմաթիվ գերմանական ընկերություններ և գործարաններ: Գերմանական քարոզչության կենտրոնում էր Իրանի և Գերմանիայի ժողովուրդների ընդհանուր արիական ծագումը:
1941թ.-ի հուլիսի 19-ին, օգոստոսի 16-ին  խորհրդային և անգլիական կառավարությունները Իրանի պետական շրջանակներին ներկայացրեցին համատեղ ծանուցագիր` պահանջելով գերմանացի պաշտոնյաներին հեռացնել Իրանից: Օգոստոսի 25-ին Անգլիան և ԽՍՀՄ-ը վերջնագիր ներկայացրեցին Իրանի կառավարությանը, չստանալով դրական պատասխան ներխուժեցին Իրանի տարածքը`  օկուպաացնելով երկիրը : ԽՍՀՄ-ը օգտվեց 1921թ.-ի խորհրդա-իրանական պայմանագրի իրեն վերապահված իրավունքից :
Հետագայում 1942թ-ի հունվարի 29-ին Անգլիայի, ԽՍՀՄ-ի և Իրանի միջև ստորագրվեց համատեղ համաձայնագիր, որով դաշնակիցները խոստանում էին հարգել Իրանի տարածքային ամբողջականությունը և Գերմանիային հաղթելուց հետո 6 ամսվա ընթացքում զորքերը հետ քաշել Իրանից , սակայն ԽՍՀՄ-ը փորձեց օգուտ քաղել զորքերի` Իրանում գտնվելուց` շահարկելով  ու օգտագործելով Ատրպատականի բնակչության դժգոհությունները կառավարությունից:
Դեռևս 1941թ.-ին  Խորհրդային Ադրբեջանից Ատրպատական էին ուղարկվել մեծ թվով կուսակցական աշխատակիցներ, բժիշկներ, տնտեսագետներ, մշակութային գործիչներ, որոնց ղեկավարում էր Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի նախկին քարտուղար Ազիզ Ալիևը :
Ուսումնասիրելով դեպքերի հետագա ընթացքը գտնում ենք, որ Խորհրդային Ադրբեջանից ժամանած պատմաբաններն Ատրպատականի  թյուրքախոս ազարիների մեջ փորձել են Իրանից անջատվելու և Խորհրդային Ադրբեջանին միանալու տրամադրություններ արթնացնել, քանի որ սկզբնական շրջանում ժողովրդավարության և տնտեսական բարեփոխումների համար մղված պայքարը կարճ ժամանակ անց վերափոխվեց անջատողական շարժման:
1945թ.-ի աշնանը խորհրդա-գերմանական ռազմաճակատում տեղի ուեցած փոփոխությունները պատճառ հանդիսացան, որ Ատրպատականը որոշակիորեն կորցնի իր նշանակությունը դաշնակիցների համար որպես ԽՍՀՄ-ին օգնություն տրամադրելու հիմնական ճանապարհ: Հետևանքը եղավ այն, որ Ատրպատականում առաջացավ ծանր տնտեսական  իրավիճակ: Տեղի էին ունենում հուզումներ, որոնք ուղղված էին կենտրոնական իշխանության վարած ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականույթան դեմ :
Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունն ուշադիր հետևում էր Ատրպատականի դեպքերի հետագա ընթացքին. Ատրպատական գործուղվեց Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի քարտուղար Հասան Հասանովը: Պաշտոնական Մոսկվան, հիմք ընդունելով Հասանովի կատարած հետազոտությունները, որոշում է ընդունում լուծել Իրանի ազարիների  հարցը <<ժողովրդավարական>> ճանապարհով: Հարցի լուծման պատասխանատվությունը կրում էին Արտաքին Գործերի Ազգային  կոմիսար  Վ.  Մոլոտովը, Ներքին Գործերի Ազգային կոմիսար Լ. Բերյան, Խորհրդային Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Մ. Ջ. Բաղիրովը:
1945թ.-ի աշնանը Համասովետական բոլշևիկների  կոմունիստական կուսակցությունը որոշում է ընդունում պաշտպանել Ատրպատականում և Իրանի հյուսիսային շրջաններում բռնկված <<ազգային-ժողովրդավարական>> շարժումնները: Բաքու են հրավիրվում Իրանի հայտնի կոմունիստներ, Փիշևարին, որտեղ Մ. Ջ. Բաղիրովի հետ քննարկում են Ատրպատականում ժողովրդավարական կուսակցություն ստեղծելու հեռանկարները:  Այսպիսով ԽՍՀՄ-ի ղեկավարություն իր վրա էր վերցնում Ատրպատականի ազարիների շարժումն ուղորդելու իրավունքը:         Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս լուծված չէր Իրանի արտաքին քաղաքականությունում կողմնորոշման հարցը, ինչպես նաև Իրանի հյուսիսային շրջանների նավթային կոնցեսիայի հարցը, գալիս ենք եզրահանգման, որ ԽՍՀՄ-ը պատրաստվում էր ազարիների խաղաթուղթն օգտագործել Իրանի կառավարության նկատմամբ ճնշում գործադրելու և իր ազդեցության ոլորտը գցելու համար:
<<Իրանում դասակարգերը դեռ իրարից շատ չեն հեռացել, հատկապես ստորին դասակարգերը, օրինակ բանվորական, գյուղացիական, մանր առևտրականները, արհեստագործները այս հանգամանքում ամենաշատ միասնական շահերը ունեն: Իրանում մեկ հիմնավոր կազմակերպված  դասակարգային կուսակցություն բառի ճշգրիտ նշանակությամբ գոյություն չունի: Ներկայումս այստեղ կուսակցությունները  կկարողանան  առաջընթաց ունենալ, եթե վերոհիշյալ  դասակարգերի միասնական շահի պաշտպանության օգտակարությունն իրենց նպատակը դարձնեն>>:
Ջաֆար Փիշևարի.<<Կուսակցության մասին, ճշմարտացի կուսակցություն և ինչպիսին է  իրականությունը>>: <<Աժիր>>, համար 104 :

1945թ.-ի սեպտեմբերի 3-ին (1324թ.ի շահրիվարի 12-ին) Ադրբեջանի Ժողովրդավարական Կուսակցության ստեղծման   հռչակագիրը հրապարակվեց երկու լեզուներով պարսկերենով և ազարիով, հրատարակվեց Թավրիզում:  Բացի Փիշևարիից, Բադեգանից և Շաբեսթերիից, քսանութ հոգի հռչակագրի տակ ստորագրեցին: Սրանց մեջ էին, բավականին խոշոր ավատատերեր, առևտրականներ և շատ ուրիշ հեղինակություններ են երևում: Ադրբեջանի Ժողովրդավարական Կուսակցության հիմնադրման վերաբերաբերյալ Փիշևարին, Շաբեսթարին, 1324թ.-ի շահրիվարի սկզբում (Ք. ծ. 1945թ. օգոստոսի վերջի ընթացքում) երկար ու մանրակրկիտ խորհրդակցություն կազմակերպեցին: Դրանից առաջ Փիշևարին Թեհրանում <<Աժիր>> օրաթերթը հանձարարել էր իր գործընկերներից մեկին իսկ ինքն եկել էր Թավրիզ, այստեղ իր համախոհ Շաբեսթարի միջոցով Բադեգանին, որ այդ ժամանակ Ատրպատականում  Թուդե կուսակցության  կոմիտեի ղեկավարն էր  համոզեց, որ Ատրպատականի համար նոր քաղաքական կուսակցության ստեղծումը այլևս անխուսափելի է դարձել :   ԱԺԿ-ն պահանջում է կենտրոնական իշխանություններից ստեղծել նահանգային և շրջանային էնջումեններ (տեղական ինքնակառավարման մարմիններ, Մ. Ս.), տեղի թյուրքական բարբառով անցկացնել կրթությունը, թյուրքերենը  հայտարարել պետական լեզու, Ատրպատականից ընտրել Մեջլիսի պատգամավորների մեկ երրորդ մասը, Ատրպատականից հավաքվող հարկի 75% տրամադրել տեղական կառավարման մարմիններին, որպեսզի այս գումարները ծախսվեին Ատրպատականի ժողովրդի կարիքների բավարարման համար, գյուղացիներին տրամադրել պետական հողերը, ինչպես նաև նրանց հողերն ովքեր ապրում էին Թեհրանում կամ այլ քաղաքներում և չէին վերադառնալու, կրճատել հարկերը: ԱԺԿ-ն կոչ արեց ժողովրդին սկսել պայքար հանուն ինքնավարության : Մեջլիսում Ատրպատականի նոր ներկայացուցիչը այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ.<<Քանի որ, որ Իրանում չորս միլիոն հոգի ադրբեջանցի է բնակվում, այս պատճառով Ատրպատականին պետք է տրվի Մեջլիսի աթոռների շուրջ մեկ երրոր մասը, ներկայիս ընդամենը քսան Մեջլիսի աթոռի փոխարեն>> :
ԱԺԿ-ի  ղեկավարները, ստանալով Խորհրդային Ադրբեջանի ցուցումները, 1945թ.-ի սոցիալ-տնտեսական հուզումներին ազգային-ազատագրական աստառ տալով` Ատրպատականը հայտարարեցին ազգային ինքնավարություն, որի ղեկավարը դարձավ հայտնի կոմունիստ Սեյիդ Ջաֆար Փիշևարին: Թուրքերենը հայտարարվեց պետական լեզու` համահավասար պարսկերենին, թե պետական, թե մասնավոր դպրոցներում թուրքերեն լեզվի ուսուցումը դարձավ պարտադիր:
Վարչապետ Սադրի կառավարությունը ընդունեց երկու օրենք, որորնց օգնությամբ փորձեց հակազդել երկրի հյուսիսում բռնկված անհնազանդությանը: Առաջին օրենքով հետաձգվեցին Մեջլիսի ընտրությունները մինչև դաշնակից ուժերի դուրս գալը Իրանից: Երկրորդ օրենքով մեծապես ավելացվում էր ռազմական բյուջջեն, բանակի թիվը 90.000-ից պետք  է ավելացվեր մինչև 102.000-ի, պետք է ստեղծվեր 2 հյուսիսային դիվիզիա, բարձրանում էր սպաների աշխատավարձը, սպաները պետք է ապահովվեին բնակարաններով, ավելացվում էր տարեկան պարգևավճարները: Միայն Թուդեի պատգամավորները մերժեցին հաստատել Ռազմական նախարարի փաստարկումը, որ զինվորականությունը միակն է, որ ի վիճակի է փրկել Իրանը քաոսից : Նոր վարչապետ նշանակվեց Հաքիմին, որը 3 նախարարությունները հանձնեց ԽՍՀՄ-ի կողմնակիցներին, մեկը` չեզոքներին, 6-ը շահի կողմնակիցներին, բայց և ոչ մեկը բրիտանամետ ուժերին:Բացի այդ նա Մորթեզա Բայաթին նշանակեց Ադրբեջանի գեներալ-նահանգապետ, վարչապետին կից խորհրդականների նորաստեղծ խորհրդի ղեկավարի պաշտոնում առաջադրեց Ղավամի թեկնածությունը, ընդունելով Մոսադեղի առաջարկը` նրան էլ հրավիրեց մասնակցելու Մոսկվայում կայանալիք բանակցություններին: Հաքիմին արգելեց ցույցերը, շարունակեց հետապնդումները Թուդեի նկատմամբ, խոսեց Թուդեն ընդհանրապես օրենքից դուրս ճանաչելու մասին, մերժեց բանակցել <<անարխիստների>> հետ, ովքեր ղեկավարում են ԱԺԿ-ն, հայտրարելով, որ քրդերը չեն կարող ունենալ իրական հավակնություններ, որովհետև նրանք իրանական ռասայի անդամ են, կրկնեց այն փաստարկը, որ թուրքերենն օտար  լեզու է պարտադրված Ադրբեջանում բարբարոս մոնղոլնեի կողմից :
Իրանի կառավարությունը փորձեց ճնշել խռովությունը զինված ուժերի միջոցով, սակայն Կարմիր բանակը փակել էր Թավրիզ տանող ճանապարհները, օգտվելով ընձեռնված հնարավորությունից  ԱԺԿ-ն շարունակեց տարածել իր ազդեցությունը նահանգի մեծ քաղաքների վրա և ստեղծեց <<Ազգային կոնգրեսը>>, իսկ դեկտեմբերին արդեն հայտարարեց Ատրպատականի Ինքնավար կառավարության ստեղծման մասին:
<<Մեր կողմից Ատրպատական առաքված օգնական ուժերը Թավրիզից չորս հարյուր կիլոմետրի վրա` Ղազվինում հանդիպեցին Կարմիր բանակի լուրջ դիմադրության, որով կասեցվեց նրանց առաջխաղացումը դեպի Թավրիզ>>. նշում է շահը : Այսպիսով Կարմիր բանակի օգնությամբ ԱԺԿ-ին հաջողվեց պահպանել իշխանությունն Ատրպատականում: Իրանն Ատրպատականի հարցը չկարողանալով լուծել ռազմական ճանապարհով, հարցը տեղափողեց դիվանագիտական դաշտ: <<Ելնելով այն հանգամանքից, որ ռուսները կասեցրել էին Ատրպատականի խառնակ դրությունը դրստելու գծով մեր կողմից առաքված ուժերի առաջախաղացումը և դրանով բացարձակապես ոտնահարել էին մեր երկրի հողային ամբողջականությունը, խստաշունչ բողոքագրեր ուղարկվեց Մոսկվա մեր, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Անգլիայի կողմից: 1324 թվին Մոսկվայում կայացած Արտաքին գործոց նախարարների ժողովի արծարծվեց տվյալ խնդիրը և այլ  բողոքագիր ներկայացվեց նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Ապահովության խորհդին (Անվտանգության խորհրդին), որը հիմնվել էր հենց այդ օրերին: Դա առաջին բողոքագիրն էր, որ ներկայացվել էր ասված խորհրդին: Այնուամենայնիվ ռուսներն անտարբեր էին, սակայն չգիտեին, որ ուրիշները անկարևոր չեն համարում Ատրպատականի հարցը¦>>:
Այսպիսով թե Սադրի, թե Հաքիմիի կառավարությունները, որոնք իրենց առջև խնդիր էին դրել մեծացնել բանակի թիվը, և <<կոպիտ>> ուժի միջոցով լուծել Ատրպատականի և Քրդստանի նահանգներում բռնկված անջատողական շարժումներն անհաջողության մատնվեցին: Հաքիմին փորձեց սիրաշահել ԽՍՀՄ-ին, կառավարության մեջ որոշ պաշտոներ տրամադրելով ԽՍՀՄ-ի կողմնակիցներին, սակայն ԽՍՀՄ-ը չէր կարող անտարբեր մնալ այն հանգամանքի նկատմամբ, որ վարչապետ Հաքիմին հետապնդումների էր ենթարկում, Իրանում ԽՍՀՄ-ի հիմանական գործիքը հանդիսացող Թուդեի ներկայացուցիչներին: Սա էր պատճառը, որ Իրանում հասկացան, որ հարցի լուծումը հնարավոր է միայն ԽՍՀՄ-ի հետ բանակցելու միջոցով, իսկ բանակցողն էլ իր հերթին պետք է լինի ընդունելի նաև ԽՍՀՄ-ի կողմից: Թեհրանում տիրող խուճապի մասին է խոսում նաև Մեջլիոսւմ  Մոսադեղի կատարած հայտարարությունը. <<Եթե մենք ինքներս չխոսենք մեր հյուսիսային հարևանի հետ, մենք կորած ենք: Եթե եռակողմ կոմիսիան հավաքվի, Իրանը կմասնատվի ինչպես մասնատվեց 1907թ.-ին: Մենք ուրիշ հնարավորթություն չունենք, բացի Հաքիմիին փոխարինել մի ուրիշ վարչապետով, ով ընդունելի կլինի նաև Մոսկվայի համար>>:
1946թ. փետրվարին Իրանում վարչապետ ընտրվեց Ահմադ Ղավամ օլ Սալթանեն: Մինչև Մոսկվա մեկնելը կազմավորեց կառավարությունը, ստանձնեց նաև ներքին և արտաքին գործերի նախարարների գործառույթները, 5 մտերիմ  համախոհների նշանակեց նախարարներ, երկու նախարարություններ զիջեց շահի կողմնակիցներին, Ռազմական նախարար նշանակվեց գեներալ Ամիր Ահմադիին, որը Կոզակական բրիգադի վետերաններից էր, Ռեզա շահի ցեղախմբերին ճնշելու արշավանքի մասնակից, որի ամբիցիոզ և ազատամիտ միտքը անհանգստացնում էր երիտասարդ շահին :Կարևոր է նշել այն փաստը, որ 14-րդ Մեջլիսը մինչև Ահմադ Ղավամի վարչապետ ընտրվելը հաստատել էր մյուս Մեջլսիի ընտրությունների հետաձգումը մինչև օտարերկրյա ռազմական ուժերի Իրանից հեռանալը, այս օրինագիծը վարչապետ Ղավամին հնարավորություն էր տալիս գործել ավելի անկախ ու անկաշկանդ:
Ահմադ Ղավամը 1946թ փետրվարին մեկնեց Մոսկվա, որտեղ 4 անգամ հանդիպեց Վ. Մ. Մոլոտովի և 2 անգամ Ի. Վ. Ստալինի հետ: Բանակցությունների ընթացքում ԽՍՀՄ-ի ղեկավարներն շեշտում էին այն հանգամանքը, որ Իրանը չի ցանկանում համագործակցել ԽՍՀՄ-ի հետ` հրաժարվելով համագործակցել Կասպից ծովի նավթային հանքավայրերի համատեղ հետախուզման և շահագործման հարցում: Այն դեպքում, երբ Անգլիային է պատկանում հարավային նավթի կոնցեսիան: Ահմադ Ղավամը չէր վիճում, նշում էր, որ ժամանակին Մեջլիսը որոշում է ընդունել, ըստ որի արգելում է, որևիցէ բանակցություն այլ պետությունների հետ մինչև պատերազմի ավարտը և Իրանից դաշնակիցների զորքերի դուրս բերումը: Ըստ Ա. Ղավամի այս որոշումը խանգարում էր գործել ինքնուրույն. իրավիճակը հնարավոր կլիներ շտկել նոր Մեջլիսի ընտրությամբ և ԽՍՀՄ-ի զորքերի դուրսբերմամբ, որը հնարավորություն կտար ազատ ընտրություններ անցկացնել: Բանակցություններում քննարկվող մյուս թեման Իրանի կառավարության կողմից Ատրպատականի ինքնավարության ճանաչումն էր: Այստեղ Ա. Ղավամը նույնպես նշեց, որ ճանաչումը իրավաբանորեն պետք է ձևակերպվի Մեջլիսի կողմից, որի գործունեության ժամկետն անցել է, իսկ Մեջլիսի ընտրությունները ձգձգվում են կապված ԽՍՀՄ-ի զորքերի դուրս բերման հարցի հետ:  Ա. Ղավամը պարտավորվեց հետ վերցնել Միավորված Ազգերի Կազմակերպությունից Իրանի տված բողոքագրերը, սակայն Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Ալան Անվտանգության խորհրդի նիստում մարտի 21-ին նորից արծարծեց Իրանի բողոքը: Այսպիսով Իրանի կառավարությունը երկակի խաղ էր խաղում. մի կողմից վարչապետ Ա. Ղավամը ԽՍՀՄ ղեկավարությանը հավաստիացնում էր, որ Իրանը հետ կվերցնի բողոքագրերը, մյուս կողմից Մոհամմադ Ռեզա շահը հրահանգում էր Անվտանգության Խորհրդում Իրանի ներկայացուցիչ Հ. Ալային շարունակել ճնշումը ԽՍՀՄ-ի վրա: Կարևոր է նշել, որ Հ. Ալան հանդիսանում էր նաև Իրանի լիազոր դեսպանը ԱՄՆ-ում և Ալայի գործունեությունը, ըստ իս  Անվտանգության խորհրդում մեծապես համաձայնեցված էր նաև ԱՄՆ-ի ղեկավարության հետ:
Մինչ ԽՍՀՄ-ին նավթի կոնցեսիան առաջարկելը, Ղավամը փորձում էր հանգստացնել ամերիկացիներին առաջարկելով նրանց կոնցեսիա հարավ-արևելքում և երկարաձգել ռազմական միսիայի գործունեությունը: ԱՄՆ-ի դեսպանը իր զեկույցում նշում էր, որ Ղավամը գաղտնի իրեն տեղեկացրել է, որ հյուսիսային կոնցեսիան <<անխուսափելի է և դեռ շատ կուշանա>>, որորվհետև Իրանն անցյալում <<խտրականություն է կատարել Ռուսաստանի նկատմամբ>>: Նա դժվարորեն ընդհատեց իր մտածմունքները. << Եթե  ինչ որ համաձայնագրեր կնքվեն Ռուսաստանի հետ(ի նկատի ունի ԽՍՀՄ-ը., Մ. Ս.) հյուսիսային նավթի շուրջ, ինքը կաշխատի, որ Ամերիկային (Ի նկատի ունի ԱՄՆ-ին, Մ. Ս.) տրվեն հատուկ իրավունքներ Բելուջիստանում>> : Այսպիսով Ղավամը փորձում էր ցույց տալ ԱՄՆ-ի ղեկավարներին, որ Իրանը ԱՄՆ-ի մեջ է տեսնում իր հնարավոր դաշնակցին և պատրաստ է ռազմական և քաղաքական որոշակի օգնություն ստանալու դեպքում իր հերթին ԱՄՆ-ին հանձնել որոշ կոնցեսիաներ և իրավասություններ:Ղավամը հասկանում էր նաև ԱՄՆ-ի մտավախությունը, որ ԽՍՀՄ-ը կփորձի Իրանում նույնպես իրականացնել հեղափոխություն կոմունիստների միջոցով և սրանով ԱՄՆ-ը կզրկվեր Իրանի նման ստրատեգիական կարևորություն ունեցող երկրում երբևիցէ իր ազդեցությունը տարածելու հնարավորությունից: ԱՄՆ-ին ձեռնտու չէր նաև Իրանում ԽՍՀՄ-ի և Իրանի համատեղ նավթային ընկերություն ստեղծմամբ, որովհետև այս ընկերությունը ժամանակի ընթացքում կարող էր նմանվել Անգլո-Իրանական նավթային ընկերությանը, որը նման էր պետության պետության մեջ ուներ իր տնտեսական, քաղաքական, ռազմական լծակները և մեծապես ազդում էր Իրանի ներքին և արտաքին քաղաքականության վրա:
Ահմադ Ղավամը հաջորդ քայլով փորձեց ցույց տալ Մոսկվային, որ պատրաստ է համագործակցության: Մինչ Թեհրանում միակ կազմակերպված ուժը Կոմունիստական կուսակցությունն էր, վարչապետ Ահմադ Ղավամը (Ղավամ Սալթանեն) կազմավորեց կառավարություն, որը ներառում էր երեք նախարարների, որոնք Թուդեից էին: Միևնույն ժամանակ Ղավամը հիմնադրեց սեփական Ժողովրդավարական կուսակցությունը:
Իրանի վարչապետի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարության կողմից Մոսկվայում սկսված և Թեհրանում շարունակված բանակցությունները խորհրդային դեսպանի ժամանումից հետո, բերեցին 1325թ.-ի ֆարվարդինի 15-ին, որը համապատասխանում է 1946թ.-ի ապրիլի 4-ին բոլոր հարցերի շուրջ պայմանվորվածությանը` մասնավորապես.
1.    1946թ.-ի մարտի 24-ից սկսած Կարմիր բանակի զորամասերը, այսինքն կիրակի, 24-ը ֆարվարդինի 1325թ., դուրս կգան Իրանի ամբողջ տարածքից մեկուկես ամսվա ընթացքում:
2.    Ընդհանուր Խորհրդա-Իրանական նավթային ընկերության ստեղծման      պայմանգիրը պետք է ներկայացվի տասնհինգերորդ մեջլիսի հաստատմանը յոթ ամսվա ընթացքում, սկսած մարտի 24-ից ս.թ.:
Ադրբեջանի հիմնահարցի շուրջ, քանի որ դա Իրանի ներքին գործն էր Իրանի կառավարության և Ատրպատականի բնակչության միջև կգտնվի խաղաղ ճանապարհ գործող օրենքներին համապատասխան բարեփոխումների անցկացման համար, որը կլինի ազարի բնակչության հանդեպ բարյացկամ վերաբերմունքի դրսևորմամբ :
Մոսկվա էր գործուղվել նաև Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի քույրը` Աշրաֆ Փահլավին, որը հանդիպել էր Ի. Ստալինի հետ: Աշրաֆ Փահլավին Ի. Ստալինի հետ հանդիպման մասին իր հուշերում նշում է. <<Ես հիշեցրեցի գեներալսիմուսին, որ հեղափոխությունից հետո Լենինը չեղյալ հայտարարեց բոլոր իմպերիալիստական կոնցեսիաները, որոնք ցարն ուներ Իրանում, որը շահեց մեր ժողովրդի հարգանքն ու արժանացավ հավանությանը: Ես խնդրեցի, որ Ռուսաստանը դադարի աջակցել Ատրպատականի <<Հանրապետությանը>>, փորձելով համոզել Ստալինին, որ այս խամաճիկ պետությունը կլարի հարաբերությունները երկու պետությունների միջև ապագայում: Ես ավելացրեցի, որ Իրանի բարեկամությունը և վստահությունը ավելի արժեքավոր կլինի Խորհրդային Միության համար: Մենք դեռ ցանկանում ենք զարգացնել տնտեսական կապերը մեր հյուսիսային հարևանի հետ: Ստալինը նշեց, որ Իրանը կարիք չունի <<ուրիշ ընկերների>> բացի Խորհրդային Միությունից: Նա մի քանի անդրադարձ կատարեց ՄԱԿ-ում մեր բողոքագրերի շուրջ, փաստարկելով, որ մեր պետությունների միջև վեճերը պետք է լուծվեն փոխըմբռնման և բանակցությունների միջոցով, առանց որևիցէ ուրիշ ուժի կամ կազմակերպության խառնվելու: Նա զգուշացրեց ինձ, որ Իրանը չպետք է ընդդիմանա Ռուսաստանին` հիմք ունենալով ամերիակացիների աջակցությունը:  Ստալինի կարծիքով նա էր, որ պարտության մատնեց <<Առանցքի>> տերություններին, նա ակնհայտ ցույց տվեց, որ նա չի վախենում Ամերիկայից և Մեծ Բրիտանիայից: Մեր զրույցի ժամանակ, ես հավատացի, որ նա արդեն հակվել է եզրահանգման, որ կոմունիստկան հեղափոխությունն Իրանում հեռանկարային չէ: Եվ այսպես նա ճնշում էր գործադրում ավելի իրատեսական շահերի շուրջ հատուկ Ատրպատականի նավթի շահագործման խորհրդա-իրանական համատեղ կազմակերպությանը: Նա արծարծեց ռուս-իրանական նավթային համաձայնագրին, որը ձևակերպել էին վարչապետ Ղավամը և Խորհրդային  Միության դեսպան Սադչիկովը: Ես հույս հայտնեցի, որ Ռուսաստանը կդադարացնի սառը պատերազմ-ի ակտիվությունը (ԽՍՀՄ-ն առաջին անգամ կիրառեց այս տեխնոլոգիաներն Իրանում, մինչ սառը պատերազմ տերմինը ստեղծվեց)>> :
1946թ.-ի մայիսի 9-ին ԽՍՀՄ-ի Այսրկովկասի զինվորական օկրուգի շտաբը հայտարարեց, որ մայիսի 9-ին ամբողջությամբ ավարտվել է Խորհրդային զորքերի դուրս բերումն Իրանից, որը համապատասխանում է Այսրկովկասի զինվորական օկրուգի զորքերի դուրս բերման մարտի վերջում արված հայտարարությանը:
Մինչև զորքերի տարահանումը Ստալինին է զանգահարում Մ. Ջ. Բաղիրովը և ասում. <<եթե մեր զորքերը դուրս գան, ապա Ատրպատականի Հանրապետությունը կկործանվի>> : Մ. Ջ. Բաղիրովը <<մարգարեությունը>> իրականացավ. 1946թ.-ի դեկտեմբերի 3-ին վարչապետ Ղավամի կառավարությունը Մեջլիսի ընտրությունները ապահովելու նպատակով Ատրպատական ուղարկեց, կառավարական զորքեր, ոստիականական ստրորաբաժանումներ ամերիկացի գեներալ Ն. Շվարցկոփֆի  գլխավորությամբ: Կառավարական զորքերն իրենց մեջ ներառում էին ԱՄՆ-ից ստացած 40 տանկ, 150 ինքնաթիռ, ծանր ու միջին տրամաչափի թնդանոթներ : Մոհամեդ Ռեզա շահը իր <<Առաքելություն հայրենիքիս համար>> գրքում պատմում է. <<Մի օր Խորհրդային Միության դեսպանն անհապաղ տեսակցություն խնդրեց և ես ընդունեցի նրան: Տեսակցության ընթացքին սպառնալից տոնով բողոքելով այն բանի դեմ, որ զինված ուժեր ենք ուղարկել Ատրպատական, նա հավակնեց, թե այս ակտով մենք վտանգում ենք աշխարհի խաղաղությունը: Խոսքի վերջում իր պատկան կառավարության կողմից պահանջեց ինձնից, որպես Շահնշահ և Իրանի Զինված Ուժերի Գերագույն հրամանատար, հետ կանչել ուղարկված ուժերը: Նրան ասեցի, որ խնդիրը ճիշտ ընդհակառակն է, և ցայժմ Ատրպատականում թագավորող կացությունն է վտանգել աշխարհի խաղաղությունը: Ապա կտրականապես մերժեցի ընդունել նրա առաջարկը և ներկայացրի քիչ առաջ Ատրպատականի խամաճիկ իշխանության նահանգապետի հեռագիրը, որի մեջ ասվում էր ապստամբների հանձնվելու մասին: Լիազոր դեսպանը, որ այլևս բան չուներ ավելացնելու և շշմել էր, թույլտվություն խնդրել հեռանալու համար>> :

Բազմաթիվ ազարիներ զոհ գնացին կառավարության կողմից կատարված պատժիչ գործողությունների ժամանակ :  իսկ Բաքվում ապաստանած Փիշևարին կարճ ժամանակ անց սպանվեց: Նշենք նաև, որ Ատրպատականն Իրանից առանձնացնելու հիմնահարցը ներկայումս էլ արդիական Է, որը այժմ շահարկվում է ԱՄՆ-ի, Ադրբեջանի Հանրապետության , Թուրքիայի կողմից:

Ամփոփելով 1945-1946թթ Ատրպատականում ծավալված իրադարձություննեը և ԽՍՀՄ-ի դիրքորոշումը հանգում ենք հետևյալ դիտարկումների.

Գտնում ենք ԽՍՀՄ-ի առաջնահերթ խնդիրն Իրանն իր ազդեցության ոլորտում պահելն էր, հնարավորթության դեպքում Թուդե կուսակցության միջոցով իշխանափոխություն իրականացնելը: Դեռևս 1943թ.-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ, ինչպես վկայում է Աշրաֆ Փահլավին իր հուշերում. <<Փաստորեն Ստալինն անձամբ այցելեց իմ եղբորը (միայն Չերչիլն անորոշություն պահպանեց չայցելելով շահին): <<Քեռի Ջոյը>> ջանք չէր խնայում իր պահվածքով ընկերական և բարյացկամ մթնոլորտի ստեղծման համար: Նա առաջարկեց ինքնաթիռներ և տանկեր իրանական բանակի համար, բայց երբ իմ եղբայրը հասկացավ, որ առաջարկն իր մեջ պարունակում է նաև ռուսական սպաներին և ուրիշ անձնակազմ, որը պետք է ուղարկվեր Իրան, մերժեց>>:  Ինչպես տեսնում ենք, ստանալով շահի մերժումը, գեներալսիմուս Ի. Ստալինը փոխեց ռազմավարությունը` օգտագործելով Ատրպատականի թյուրքախոս բնակչության դժգոհություններն Իրանի կառավարության դեմ, սակայն ստանալով հ 1946 թ.-ի ապրիլի 4-ի շահավետ պայմանագիրը ԽՍՀՄ-ը հետ քաշեց Կարմիր բանակի զորամասերն Իրանից: Այստեղ հարց է առաջանում` արդյոք ԽՍՀՄ-ի առաջնահերթ խնդիրն էր անջատել Իրանից Ատրպատականն ու միացնել ԽՍՀՄ-ի անդամ Խորհրդային Ադրբեջանին: Գտնում ենք, որ ԽՍՀՄ-ը խնդիր էր դրել ոչ թե մասնատել Իրանն այլ ամբողջովին ենթարկել իրեն և այս փուլում, չկարողանալով լուծել  առաջնահերթ նպատակը` Իրանին ամբողջությանբ ենթարկել իրեն, ձեռնամուխ եղավ ճնշումների միջոցոցով հասնել հյուսիսային շրջանների նավթաարդյունաբերությանը վերաբերող կոնցեսիայի և Ընդհանուր Խորհրդա-Իրանական Նավթային Ընկերության ստեղծմանը, ինչը նշանակում էր, որ ԽՍՀՄ-ը Թուդեից հետո իր երկրորդ ավելի հզոր հենարանը կունենար Իրանում ի դեմս ԸԽԻՆԸ-ի, որի միջոցով կփորձեր հնարավորության դեպքում Իրանում իշխանության բերել  կոմունիստկան ուժերին, որոնք տվյալ ժամանակաշրջանում մեծ թիվ էին կազմում Իրանում: Այնպես, որ Ատրպատականն օգտագործվեց ԽՍՀՄ-ի կողմից, որպես սեփական նպատակներին հասնելու միջոց: Այս համոզմունքն ավելի է ամրապնդվում այն երեևույթով, որ ԱԺԿ-ի ղեկավարները չփորձեցին կազմակերպել դիամադրություն այլ շտապեցին հեռանալ Խորհրդային Ադրբեջան: Այստեղ կարող է լինել երկու տեսակետ. կամ Փիշևարին հրաման էր ստացել ԽՍՀՄ ղեկավարներից լքել Ատրպատականն առանց դիմադրության, կամ իրականում Ատրպատականի բնակչության մեծամասնությունը չէր կիսում Իրանից անջատվելու և ԽՍՀՄ-ին միանալու ԱԺԿ-ի գաղափարախոսությունը: 1945-1946թթ. դեպքերի մասին  խորհրդային պատմաբանները նշում են, որ 1946թ. շահական բանակի կողմից Ատրպատականում հազարավոր ազարիներ պատժիչ գործողությունների ժամանակ զոհվեցին, իսկ Մոհամադ Ռեզա Փահլավին և Աշրաֆ Փահլավին իրենց հուշերում գրում են, որ կառավարական զորքերը ցնծությամբ ընդունվեցին Ատրպատականի բնակչության կողմից: Գտնում ենք, որ իրական հասունացած  ազգային-ազատագրական շարժման դեպքում շարժումը ոչ թե միանգամից կմարեր Կարմիր բանակի հեռանալուց հետո, այլ ավելի կբորբոքվեր, քանի որ ինքնորոշման կողմակիցներն իսկապես ինքնորոշվելու հնարավորթություն կստանային: Իրանում ստեղծված Ատրպատականի Ժողովրդական Կուսակցությունը հիմնաքարը հանդիսացավ  Թուդեն (Իրանի Ժողովրդական Կուսակցություն), որը Իրանական Կոմունիստական  կուսակցույթան ժառանգորդն էր: ԱԺԿ-ի և  Ատրպատականի Ինքնավարության 26 պաշտոնյաներից 16 մինչև ԱԺԿ-ին անդամագրվելը կոմունիստներ են եղել : Կարծում ենք, որԱտրպատականում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և Կարմիր բանակի այստեղ գտնվելը, մեծապես օգտագործվեց ԽՍՀՄ-ի կողմից Թուդեի դիրքերն ամրապնդելու համար, որը ճնշվելով Իրանի հարավային շրջաններում փորձ կատարեց ժողովրդավարական կուսակցության անվան տակ, իշխանության հասնել Իրանի հյուսիսային շրջանում: Մեր կարծիքով նորաստեղծ կուսակցության համար ընտրվեց Ժողովրդավարական անվանումը, որպեսզի արտաքին և ներքին ուժերը, որոնք կոմունիզմին թշնամանքով էին վերաբերվում նորաստեղծ կուսակցությանը վերաբերվեին, որպես արևմտյան գաղափարախոսության կրող: Իրանում Ատրպատականի Ժողովրդական Կուսակցության կողմից սկսված անջատողական շարժումը ղեկավարվում էր Խորհրդային Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Մ. Ջ. Բաղիրովի կողմից, որի վրա էր դրված Ատրպատականում ազարիների  շարժումը համակարգելու պատասխանատվությունը: Մ. Ջ. Բաղիրովի կատարած աշխատանքի մասին կարող է փաստել ԱԺԿ-ի կողմից բազմաթիվ պաշտոնական շնորհակալական հայտարարություններն ուղղված Մ. Ջ. Բաղիրովին, ինչպես նաև Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեին ուղղված նամակը, որտեղ ասվում էր.<<Հարգելի առաջնորդ և մեր բարի հայր, Միր Ջաֆար Բաղիրով, Ատրպատականի Ժողովրդական Կուսակցության ստեղծումից անցել է ուղիղ երեք տարի: Այն ղեկավարում է Ադրբեջանի ժողովրդի սուրբ պայքարը հանուն մեր թանկագին հայրենիքի` Ադրբեջանի (Ատրպատական) հարավային հատվածի հողերի ազգային ազատագրման ու փրկության, որը երկար տարիներ խեղդամահ է արվում պարսկական շովինիստների կողմից…Այս պայքարող կուսակցության երեք ամյակի կապակցությամբ շնորհավորում ենք Ադրբեջանի բոլոր հայրենասերներին և Ձեզ` մեր թանկագին և բարի հորը…Կուսակցության անդամների, ազգային իշխանությունների  և  ֆիդայիների կազմակերպությունների մի խումբ, ներգաղթել է իրենց հայրենիքի հյուսիսային և ազատ հատվածը>> : Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունն այս հարցում ուներ նաև սեփական շահերը, քանի որ Ատրպատականն Իրանից անջատելու դեպքում այն պետք է մտներ Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ: ԱԺԿ-ի անդամները, չկարողանալով հաջողության հասնել Ատրպատականում, հեռացան Խորհրդային Ադրբեջան, որտեղ դեռևս հույսեր ունեին ստանալ ԽՍՀՄ-ի օգնությունը և Ատրպատականն անջատելով Իրանից միացնել Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը: Այս հանգամանքն ավելի ընդգծված  երևում է 1950.-ի դեկտեմբերի 13-ին ԱԺԿ-ի կողմից Մ. Ջ. Բաղիրովին ուղարկված հետևյալ բովանդակությունը պարունակող նամակը.<<Հարգելի ու ամենաբարի մեր հայր Միրջաֆար Բաղիրով, Հյուսիսային Ադրբեջանի անքակտելի մասը հանդիսացող Հարավային Ադրբեջանի (Ատրպատականի) ժողովուրդը, աշխարհի մյուս ժողովուրդների նման իր հայացքն է հառում Խորհրդային ժողովրդին և Խորհրդային կառավարությանը>>:
ԱՄՆ-ը այս հարցում Իրանի տարածքային ամբողջականության կողմնակիցն էր: Կարծիք կա, որ ԽՍՀՄ ղեկավարությունը վախեցավ ԱՄՆ-ի սպառնալիքներից, քանի որ ԱՄՆ-ն արդեն Ճապոնիայի դեմ հաջողությամբ օգտագործել էր միջուկային ռումբը, սակայն կարևոր է նշել նաև այն փաստը, որ ԽՍՀՄ-ում նույնպես արդեն սկսվել էր միջուկային ռումբի ստեղծման գործընթացը, և արդեն 1949թ.-ին ամբողջ աշխարհին պարզ դարձավ, որ ԽՍՀՄ-ը նույնպես ունի ատոմային ռումբ: Ճիշտ չենք համարում նաև ատոմային ռումբի գործոնն առաջնահերթ դասել ուժերի հարաբերակցությանը գնահատական տալիս: Գտնում ենք, որ ԱՄՆ-ի նոտաները, բողոքները, սպառնալիքները նույնպես որոշակի դեր խաղացին   ԽՍՀՄ-ի զորքերի դուրս բերման հարցում, բայց որոշիչը 1946թ.-ի պայմանգիրն էր, որը այդպես էլ կյանքի չկոչվեց Իրանի կառավարության կողմից վարած խորամանկ ու հաշվենկատ դիվանագիտության շնորհիվ:ԻԻՀ-ց ՀՀ Ատրպատականով են  անցնում գազամուղն, ավտոճանապարհները: Ավտոճանապարհների միջոցով է կատարվում առևտուրն ու ապրանքափոխանակությունը:  Ըստ հետագա ծրագրերի հենց այս ազարաբնակ տարածքներով պետք է անցնեն նաև նավթամուղն ու երկաթգիծը:Այսպիսով    հանգում ենք այն եզրակացության, որ Ատրպատականը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն և յուրաքանչյուր պանթյուրքիստական շարժում վտանգում է հայ-իրանական համագործակցությունը: Կարծում ենք, որ պետք է այս հարցում մշակվի հայ-իրանական ընդհանուր ռազմավարություն, որով հնարավոր կլինի հակազդել պանթյուրքիստականների ծավալած հակահայկական և հակաիրանական քարոզչությանն ամբողջ աշխարհում:

  • Share/Save/Bookmark